Range Rover Evoque» Land Rover-ը ներկայացրել է «բիթլներով» ոգեշնչված նոր հատուկ տարբերակը (լուսանկարներ)

19:22 • 16.01.15

Land Rover բրիտանական ընկերությունը Մոնրեալի ավտոսրահում ներկայացրել է Range Rover Evoque մոդելի նոր հատուկ տարբերակը` Range Rover Evoque- London Edition-ը:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` carscoops.com-ին հղումով, մոդելի հատուկ տարբերակը, որն ստեղծվել  է Range Rover Evoque NW8 մոդելի հիման վրա, երրորդն է Range Rover-ի՝ «Բրիտանիայով ոգեշնչված» սահմանափակ սերիայի շարքում:


Evoque London Edition-ի ստեղծողներն այս անգամ ոգեշնչվել են Էբբի Ռոուդ լոնդոնյան փողոցով, որտեղ տեղակայված է նույնանուն ստուդիան, որտեղ ձայնագրվել են The Beatles-ի տղաները:


Մեքենայի տեխնիկական բնութագիրը նույնն է մնացել, փոփոխությունները նկատելի են միայն մեքենայի արտաքին տեսքում և սրահում: Fuji White սպիտակ  երանգի թափքը հակադրվում է տանիքի և հետևի դիմապակիների կարմիր շրջանակներին: Կարմիրով է փորագրված նաև Range Rover գրությունը կապոտի և բեռնախցիկի վրա:


Սև գույն են ստացել 20 դյույմանոց անվահեծերը, ռադիատորի վանդակաճաղերը, թափարգելը (բամպեր): Սրահը պատված է Taurus սև կաշվով:


Էբբի Ռոուդ փողոցի հայտնի հետիոտն անցումը, որը  պատկերված  է բիթլների Abbey Road ալբոմի շապիկին, հայտնվել է նաև մեքենայի նստելատեղերի վրա: Հատուկ տարբերակը կթողարկվի ընդամենը 1000 օրինակով:


 

 

Range Rover Evoque» Land Rover-ը ներկայացրել է «բիթլներով» ոգեշնչված նոր հատուկ տարբերակը (լուսանկարներ)