Ֆրանսիայում արհեստական սիրտ ունեցող երկրորդ մարդը վերադարձել է բնականոն կյանքին. Liberation

15:50 • 19.01.15

Այս տարվա հունվարի 2-ին բնականոն կյանքին է վերադարձել Ֆրանսիայում արհեստական սիրտ ունեցող երկրորդ մարդը, ով 68-ամյա տղամարդ է, գրում է Liberation-ը։

 

Բժիշկ Ալեն Կարպենտիեի կողմից նախագծված և ֆրանսիական Carmat ընկերության կողմից արտադրված արհեստական սիրտը Ֆրանսիայի Նանտ քաղաքում՝ բժիշկ Դանիել Դյուղոյի գլխավորած բուժանձնակազմի կողմից, հաջողությամբ փոխպատվաստվել էր անցած տարվա օգոստոսի 5-ին։

 

Նշվում է, որ արհեստական սիրտ ունեցող տղամարդը վերադարձել է տուն, և նրան թույլատրել են նույնիսկ տնային պայմաններում օգտվել մարզասարքից։

 

Բժիշկներն անհանգստություն են հայտնել, որ միակ անհարմարությունը, որը պատճառվում է արհեստական սիրտ ունեցող հիվանդին՝ 3 կգ կշռող մարտկոցներն են, որոնք անհրաժեշտ էլեկտրաէներգիա են տրամադրում արհեստական սրտի աշխատանքի համար, ինչպես նաև՝ դրանց մաս հանդիսացող լարերը։

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստում էր իրականացվել 2013 թվականի դեկտեմբերին՝  76-ամյա Կլոդ Դանիին, ով, սակայն, մահացել էր 74 օր անց՝ մեքենայի անսարքության պատճառով։

Ֆրանսիայում արհեստական սիրտ ունեցող երկրորդ մարդը վերադարձել է բնականոն կյանքին. Liberation