Թուրքերն իրենց անցյալի մասին պատկերացում անգամ չունեն. Արսինե Խանջյան

16:21 • 20.02.15

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը Թուրքիայում է. նա ներգրավված է !f միջազգային անկախ ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմում:

 

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթն Արսինեի հետ զրուցել է թուրքերի, հայերի, հայկական սփյուռքի ու Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

«Ցեղասպանության ժխտման վրա կենտրոնացած, կտրատված պատմություն է ներկայացվում Թուրքիայում, և թուրքերը Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հարցում խճճվում են: Այժմ հասկանում եմ, որ դա շատ դժվար է»,-ասել է նա:

 

Թուրքիայում 5-րդ, իսկ Ստամբուլում 3-րդ անգամ գտնվող հայ դերասանուհին նշել է, թե թուրքերի հետ առերես հանդիպելն իրեն հնարավորություն է տվել հասկանալ, թե ինչու է թուրք հասարակությունն այդպես վարվում: «Հասկացա, որ թուրքերը պատմությունից շատ բաներ չգիտեն: Ողջ կյանքում մեղադրվում եք անցյալի համար, սակայն իրականում այդ անցյալի մասին մի փոքր անգամ պատկերացում չունեք»,- ասել է նա:

 

Խոսելով Թուրքիայում բնակվող հայերի մասին՝ Արսինե Խանջյանը նշել է, թե իրենք նրանցից շատ մեծ բան չեն ակնկալում: «Սփյուռքում գիտեն, որ Թուրքիայի հայերը վախի մեջ են ապրում: Սփյուռքը Թուրքիայի հայերի հետ կապը կորցրել է: Մեր ժառանգությունը, մեր մարդկանց, լեզուն, մշակույթը կորցրել ենք, սակայն Թուրքիայում մնացած, այստեղ բնակվող մարդկանց հետ մեր շփումը կարող ենք պահել ու շարունակել»,- ասել է նա:

 

Պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենալու Ցեղասպանության 100-ամյակից հետո, Արսինե Խանջյանն ասել է. «100 ամյակի միջոցառումները պատմությունը վառ պահելու համար են արվում: 101-րդ տարում էլ շարունակելու ենք նույն բաներն անել: Վերջապես հասել ենք մի կետի, երբ Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ կարող ենք խոսել: 50 տարի առաջ Ցեղասպանության մասին չէր խոսվում: Այժմ այդպես չէ: Հենց այդ պատճառով էլ այդ միջոցառումները կարևոր եմ համարում»:

 

Խոսելով Ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմերի մասին՝ Արսինե Խանջյանն ասել է, թե հայ հանդիսատեսի՝ Ցեղասպանության մասին ֆիլմից ակնկալիքները բավարարելը գրեթե անհնար է:

 

«Ցեղասպանության շուրջ այնքան երկար են լուռ մնացել, չեն խոսել, որ հայտնվել են մի կետում, երբ հայ հանդիսատեսը չգիտի, թե ինչ է ցանկանում տեսնել ֆիլմում: Նրանք ուզում են, որ ֆիլմն ամեն ինչի մասին պատմի: Պատերազմի ավարտից հետո Հոլոքոստի պատմությունները սկսեցին պատմել, և  հրեաները նման ֆիլմի կարիք չունեցան: Հայերի համար իրավիճակն այդպես չդասավորվեց: Ցեղասպանության տարբեր կողմերը պատմել չկարողացանք, և այժմ այդ բոլոր պատմությունները մի տեղ հավաքելով՝ ցեղասպանության մասին ֆիլմ ենք ակնկալում: Դա իրագործելը հնարավոր չէ»,- ասել է նա: