Այլևս որևէ բան էական չէ, բացի այն, որ մոբիլիզացնենք մնացած մարդկանց, որ աշխատեն հանուն համոզմունքի. Տ.Ուրիխանյան

12:18 • 21.02.15

Այլևս որևէ բան կարևոր չէ, բացի նրանից, որ ԲՀԿ խմբակցությունում մնացած հնարավորություններն ու մարդիկ  մոբիլիզացվեն ու մարդիկ շարունակեն աշխատել հանուն համոզմունքի:


Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ ի պատասխան հարցի, թե կիսում է այն մոտեցումը,  որ ԲՀԿ-ին դաշույնի հարված հասցրեցին ՀԱԿ-ից, իհարկե, բառի փոխաբերական իմաստով։


«Ես արդեն իսկ հայտնել եմ, որ այդ հարցի հետ կապված ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ: Եվ ըստ իս, այլևս որևէ բան էական չէ, բացի մեկ բանից, որ  անհրաժեշտ է շարունակել մոբիլիզացնել այն ուժերը, որ դեռ հնարավոր է՝ մնացած լինեն,  մարդկանց, որոնք դեռ մնացել են և որոնք կաշխատեն հանուն համոզմունքի: Ինձ, անկեղծ ասած, որևէ այլ բան չի էլ հետաքրքրում այս պարագայում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:


Ի պատասխան հարցի,թե Վարդան Օսկանյանի՝ կուսակցության նախագահ դառնալու տեղեկությունը  որքանով է հիմնավորված, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Հիմնավորված չէ»:


Կուսակցության համագումար նախատեսվա՞ծ է. այս հարցին ի պատասխան էլ, Տիգրան Ուրիխանյանը հորդորեց սպասել  «պաշտոնական տեղեկատվության»:


«Ոչ մի ասեկոսեների հետևից մի ընկեք»,- ասաց նա և հարցին էլ, թե փաստորեն, չբացառեց, Ուրիխանյանը  նկատեց. «Ես չտվեցի Ձեզ ոչ մի պատասխան և հիմա բացառում եմ ամեն ինչ, բացի նրանից, ինչ պաշտոնապես Ձեզ կհայտնեմ»:


ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ ոչ մի հարց, ենթադրություն հիմա տեղին չէ: «Ոչինչ չի լինելու այնպես, ինչպես կարող է խոսվել կամ ենթադրվել: Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես պաշտոնապես կորոշվի»,- ասաց Ուրիխանյանը: