Վարդան Պետրոսյանի գործով դեռևս բողոք չի ներկայացվել վերաքննիչ
Երկու օրից լրանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը, սակայն այն դեռևս ներկայացված չէ:
Tert.am-ի հետ զրույցում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ դեռ չի ներակայացրել բողոքը, երկու օր ժամանակ կա, և մարտի 1-ին արդեն ամեն ինչ պարզ կլինի:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Դերասանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև` 2 տարով զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Նշենք նաև, որ դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված քաղհայցը թողնվել է առանց քննության:










