United Airlines-ի պաշտոնյաներն օդաչուներին ուղարկած նամակում խոսել են «խուսափած ավիավթարներից»

17:19 • 26.02.15

United Airlines ավիաընկերության պաշտոնյաներն անվտանգության հարցերով «անկեղծ» ամփոփագիր են ուղարկել իրենց ընկերության օդաչուներին, որը ներառում է անձնակազմի սխալները, որոնք կարող էին ավիավթարների հանգեցնել։

 

Հունվարի 9-ին ուղարկված հաղորդագրությունը, որը ձեռք է բերել ABC News-ը, ուղարկել է չվերթների հարցերով փոխտնօրեն Հովարդ Ատարիանը և կորպորատիվ անվտանգության հարցերով փոխնախագահ Մայք Քիելոն:

 

Համաձայն ամփոփագրի՝ դրանում ներառված 4 միջադեպերից երկուսը տեղի են ունեցել դեռ գետնին (կամ ինքնաթիռի օդ բարձրանալիս, կամ՝ վայրէջքի ժամանակ), մի միջադեպը վերաբերել է «մեկնման ժամանակ ինքնաթիռի անցանկալի վիճակին», որի ժամանակ անձնակազմը նպաստել է անվտանգության հարցում թերացմանը: Չորրորդ միջադեպը վերաբերել է վառելիքի ցածր մակարդակին:

 

«Այս բոլոր դեպքերի ընդհանրությունն այն է, որ դրանք կանխարգելելի են»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

United Airlines-ը հայտարարություն է տրամադրել ABC News-ին, երբ The Wall Street Journal-ը ներկայացրել է հաղորդագրությունից որոշ մանրամասներ:

 

«Մենք մշտապես հետևում ենք չվերթների հետ կապված տվյալներին և պարբերաբար հաղորդում ենք հայտնաբերած տվյալները մեր օդաչուներին»,- ասված է հայտարարության մեջ: