Ամերիկացի կոնգրեսականը հիշատակել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը
Կոնգրեսական Ջուդի Չուն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում փետրվարի 26-ին ունեցած ելույթի ժամանակ հիշատակել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի (Գանձակի) ջարդերը՝ դատապարտելով Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Այդ մասին գրում է asbarez.com-ը՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը հարգելու կոնգրեսական Չուի բարոյական դիրքորոշումը, խորապես արժևորում է նրա ջանքերն իր գործընկերներին տեղեկացնելու Բաքվի շարունակական ագրեսիայի մասին և խորապես գնահատում է Լեռնային Ղարաբաղի ազատությանն ուղղված նրա աջակցությունը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոնգրեսականն իր ելույթում նշել է, որ տարիների ընթացքում Արցախի տարածքում հայկական բնակչությունը բազմիցս ենթարկվել է դաժան և ազգային դրդապատճառներով ջարդերի:
«Հարյուրավոր մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ տեղահանվել, և հայկական համայնքը՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում, շարունակում է կրել Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում դաժան հարձակումների սպիերը»,- ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մինչ այժմ ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից մշտապես հրադադարի խախտումների պայմաններում:
Չուն հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա խաղաղ կարգավորում, և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ազատ կլինեն իրենց ապագան որոշելու հարցում:










