ՀԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դեսպանների հետ

14:39 • 27.02.15

ԵՄ դեսպանատանն այսօր «Հայ ազգային կոնգրեսի» պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:


Այս մասին հայտնում են ՀԱԿ մամուլի ծառայությունից։


«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարին, սահմանադրական փոփոխություններին, քաղաքական ընդդիմության հետագա անելիքներին և այլ հարցերի:


Դեսպանների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանն հանդես է եկել կարճ ելույթով, որից հետո հանգամանորեն պատասխանել նրանց հարցերին:


Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Ավետիս Ավագյանն ու Արման Մուսինյանը»,-ասվում է հաղորդագրությունում: