Սփյուռքի նախարարը կոչ է արել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ հայերենը դարձնել շփման լեզու

16:50 • 27.02.15

ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ հայերենը դարձնել շփման լեզու։


Նախարարը մասնավորապես ասել է.


«Սիրելի հայ երիտասարդներ,

Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում եք աշխարհի տարբեր երկրներում,  մշակութային և լեզվական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերը, անշուշտ, խոսում են հայերեն, և դա հրաշալի է: Ցավոք սրտի, հանգամանքների պարտադրմամբ սփյուռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խոսում կամ ամենևին չգիտի հայերեն. դա տխուր իրողություն է, որովհետև լեզուն մեր ինքնության ամենակարևոր  կռվանն է,  ազգային գոյության հիմքը:


Սփյուռքահայ նշանավոր բանաստեղծ և ուսուցիչ Մուշեղ Իշխանը գրել է՝ «Հայոց լեզուն տունն է հայուն»: Իսկապես, մայրենին մեր տունն է, մեր հայրենիքը, մեր  ինքնության հիմքը...


2015 թվականը կարևոր հանգրվան է հայ ժողովրդի համար: Նշելով Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը՝ մեզանից յուրաքանչյուրն ուզում է իր ներդրումն ունենալ Հայ դատի համար մղվող պայքարում: Այս պայքարում երիտասարդների հիմնական գործը պետք է լինի մայրենին իմանալը, հայերեն սովորելը՝ ի խոնարհում 1,5 միլիոն նահատակների հիշատակի,  հազարավոր անթաղ հայերի ոսկորների առջև:


Ուրեմն, սիրելի՛ պատանիներ և պարմանուհիներ,


Կոչ ենք անում ձեզ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնա բեկումնային՝ ձեր մայրենի լեզուն սովորելու առումով, նոր ավյունով և նոր եռանդով տրվեք հայերեն սովորելուն, է՛լ ավելին՝ հայերենը ձեզ համար դարձրեք միմյանց հետ շփվելու, միմյանց հետ հաղորդակցվելու հիմնական լեզուն:  Թող դա՛ լինի ձեր հիմնական, իրական ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման, համայն հայության համախմբման և հզորացման սուրբ գործում:


Մեծն անգլիացի Բայրոնը բանաձևել է. «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:


Ուրեմն, իմացե՛ք, խոսե՛ք և հաջորդ սերունդներին փոխանցեք մեր աստվածային հայոց լեզուն»: