ԻՊ-ի գրոհայինները 100-ից ավելի ասորի են սպանել Սիրիայում
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հորմուզ գյուղում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 100-ից ավելի ասորի են սպանել: Այդ մասին հայտնել է Ինքնապաշտպանության քրդական ուժերի հրամանատար Ռիդուր Հալիլը, գրում է «Взгляд»-ը:
«Գրոհայինները խաղաղ բնակչության վրա են թափել վերջին շաբաթներին Էլ-Ջազիրա շրջանում կրած պարտությունը: Խորը վերք է հասցվել մեզ բոլորին՝ քրդերին, արաբներին և ասորիներին»,- ասել է նա:
Հալիլը նշել է, որ քուրդ գրոհայինները և ասորի զինված խմբերը կարողացել են պաշտպանել Թել-Թամեր քաղաքը: Օդից նրանց աջակցել է կոալիցիոն ուժերի ավիացիան:
«Ինքնապաշտպանության քրդական ուժերի ջոկատները և նրանց դաշնակիցներն այժմ մարտեր են մղում վարձկանների հետ Թել-Համիսի մոտ, որտեղ գտնվում է ԻՊ-ի խոշոր հենակետը: Այդտեղից նրանք հարձակումներ են կատարում Իրաքի տարածքի վրա՝ ընդհուպ մինչև Մոսուլ»,- նշել է քուրդ հրամանատարը:










