Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերների եռյակում է. ՌԴ ԱԳՆ

13:45 • 27.02.15

Ռուսաստանը 2014 թվականին Վրաստանի առևտրային գործընկերների գլխավոր եռյակում է հայտնվել, հիմնականում վրացական գինու և գյուղատնտեսական ապրանքների համար ռուսական շուկայի բացվելու շնորհիվ: Այդ մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության բաժինը, գրում է Новости-Грузия-ն:

 

Փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան նշվել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ փետրվարի 26-ին Պրահայում ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հերթական հանդիպման ժամանակ:

 

«Ռուսաստանը Վրաստանի առևտրային գլխավոր գործընկերների եռյակ է մտել: Աճի գործոններից մեկը դարձել է վրացական ապրանքների, այդ թվում՝ գինու և գյուղատնտեսական արտադրանքի համար ռուսական շուկայի բացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ռուսաստանը վերսկսել է վրացական «Բորժոմի» հանքային ջրի, գինու և կոնյակի ներկրումը 2013 թվականից: Մինչ այդ Ռուսաստան վրացական ապրանքների ներկրման արգելք էր գործում: