Դիվերսանտների գործով ԱԳՆ-ին քննադատողները ցեխաջուր են լցնում մեր հարևանի ջրաղացին. Ն. Կարապետյան
Ցեխ շպրտելով մեր արտաքին քաղաքական գերատեսչության վրա՝ գիտունները չեն հասկանում, որ դրանով նրանք թեկուզև ցեխաջուր են լցնում մեր ոչ «ամենամտերիմ» հարևանի ջրաղացին:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Հայտարարությունը մեջբերում ենք ստորև.
«Ցանկանանք, թե չցանկանանք պետք է արձանագրենք մի շատ կարևոր ու բոլորիս համար մեծ նշանակություն ունեցող փաստ: Համացանցն ամբողջովին կլանել է հայ հասարակությանը և վերջինիս բազմաթիվ ներկայացուցիչների գործելու և ինչու չէ նաև կայանալու լայն հարթակ է ընձեռել: Եվ հենց դա է պատճառը, որ մերօրյա այդ շերլոք հոլմսերը, նիկոլո մաքիավելիներն ու հենրի քիսինջերները իրենց բազմոցներին տաքուկ նստած կարծիքներ և քննադատական մեկնաբանություններ են թողնում և փնովում այնպիսի բաներ, որոնց մասին նրանք կարծիք են կազմել ամենաշատը պատշգամբից-պատշգամբ իրենց հարևանի հետ այդ թեմայի շուրջ երկրի արտաքին կամ ներքին քաղաքական գերակայությունները «քննարկելու» արդյունքում:
Եվ հենց այդ գիտուններն էլ առանց գիտակցելու, ցեխ շպրտելով մեր արտաքին քաղաքական գերատեսչության վրա, չեն հասկանում, որ դրանով նրանք թեկուզև ցեխաջուր, բայց այնուամենայնիվ, լցնում են մեր ոչ «ամենամտերիմ» հարևանի ջրաղացին:
Սակայն երբ տեսնում ես նմանատիպ զանազան մեկնաբանություններ և ապա հետևում, թե ինչն են նրանք քննադատում և փնովում, գալիս ես այն համոզման, որ այդ մարդիկ կամ ինչ որ մեկի պատվերն են կատարում, կամ էլ նրանք ամենին սև ակնոցներով են նայում և թացը չորից այլևս չեն զանազանում, վատաբանում են ամենքին ու ամեն ինչին:
Նմանօրինակ անհեթեթության վառ օրինակ է վերջին շրջանում մեծ արձագանք ստացած դիվերսանտների գործի հետ կապված համացանցային «մտքի տիտանների» մեկնաբանությունները ուղղված առ Արտաքին գործերի նախարարությունը:
Հետամուտ լինելով իրադարձությունների ամբողջ ընթացքին ու ՀՀ ԱԳՆ-ի կատարած բոլոր գործողություններին և հայտարարություններին դիվերսանտների գործի հետ կապված, գալիս ենք այն եզրահանգման, որ հերթական անգամ բարձրացված այս վայնասունը, որ ԱԳՆ-ն ադեկվատ չի արձագանքում դիվերսանտների հետ կապված իրադարձություններին, լրիվ զուրկ է տրամաբանությունից, և արվում է ոմանց կամ հենց իրենց շահերը սպասարկելու համար:
Եվ հենց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ելույթը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ցույց է տալիս քննադատների խոսքերի դատարկությունը:
Մասնավորապես, արտգործնախարարը արձագանքելով, պատգամավորի՝ միջազգային հարթակում դիվերսանտների դատապարտմանն ուղղված ավելի ակտիվ քայլեր ձեռնարկելու հարցին, նշեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին մանրամասն ներկայացվել են դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները։
Նույնն արվել է նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, և որ նաև համապատասխան հայտարարություններ են եղել։
Արտաքին քաղաքականության ոլորտի գլխավոր պատասխանատուի նման խոսքերը ապացուցում են այն պարզ իրողությունը, որ ՀՀ արտաքին հարաբերությունների, թե՛ կենտրոնական, թե՛ արտասահմանյան մարմինները ամբողջ ուժով լծվել են միջազգային հարթակում ադրբեջանցի դիվերսանտների գործողությունների մերկացմանը, դատապարտմանը և միջազգային հնչեղության ապահովմանը:
Դե իսկ եթե նմանատիպ համակարգված գործողություններից դժգոհ քննադատները ցանկանում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Հանոյում, Կահիրեում կամ էլ, ասենք, Բուենոս-Այրեսում որևէ պուրակի բարեկարգման համար միլիոնավոր դոլարներ ծախսեն և ապա այդ պուրակը նվիրեն ադրբեջանցի դիվերսանտների գործողությունների արդյունքում զոհված հայերի հիշատակին, ապա նման կերպ մտածողները պարզապես մոլորության մեջ են:
Դա չէ իրական դիվանագիտությունը և այդ մեթոդներով չէ, որ հայ դիվանագետները պայքար են մղում միջազգային ամենատարբեր հարթակներում:
Մենք՝ հայերս երբեք էլ չենք ունեցել նավթադոլարների անսպառ կապոցներ, որոնց քանակից չիմանանք այն, ինչպե՞ս և ի՞նչ նպատակի ծառայեցնենք:
ԱՍՏՎԱԾ մեզ շնորհել է ինտելեկտ և խելք, և դրանցով էլ մենք մեր պայքար ենք մղում թե՛ միջազգային հարթակներում, թե՛ ամենուր»։










