Քըրքորյանը միշտ նպատակ ունեցել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու. Հարութ Սասունյան

13:18 • 27.02.15

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը նպատակադրված է եղել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:


Նա, սակայն, նշեց, որ չգիտի, թե որքանո՞վ է ստույգ showbiz411.com կայքում այդ մասին հրապարակված տեղեկատվությունը:


97-ամյա հայ բարերար Քըրք Քըրքորյանն արդեն երկար տարիներ նպատակադրված է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել:


«Հայտնի է, որ Metro-Goldwyn-Mayer (MGM) ընկերությունը ցանկություն ուներ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, սակայն մինչ Քըրք Քըրքորյանի կողմից այդ ընկերությունը գնելը, MGM-ը ֆինանսական հնարավորություններ չուներ նկարահանելու այն: Ընկերությունը սպասում էր ֆինանսական վիճակի կայունացմանը, որից հետո միայն սկսեր նկարահանումները»,- ասաց Սասունյանը:  


Սակայն ֆիլմի սցենարը գնել էր մի գերմանացի ռեժիսոր, և երբ Քըրք Քըրքորյանը ձեռք բերեց MGM-ն, անմիջապես ցանկություն հայտնեց նկարահանելու ֆիլմը, սակայն այդ ժամանակ ֆիլմի սցենարի հետ կապված առաջացան իրավաբանական խնդիրներ:


Դրանից հետո Քըրքորյանը նպատակադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր ֆիլմի նկարահանմանն ու արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:


Սասունյանը դժվարացավ նշել, թե ներկայում ֆիլմի ուղղությամբ աշխատանքներն ինչ փուլում են և ովքեր են դրա հեղինակներն ու ֆիլմի դերասանները:


Սասունյանը նշեց, որ կփորձի այդ ուղղությամբ տեղեկատվություն ստանալ և այն ներկայացնել հանրությանը: 


showbiz411.com կայքը, հենվելով անանուն աղբյուրի վրա, հայտնել էր, թե Քըրք Քըրքորյանը նախատեսում է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: