Բոլորը գիտեն մարտի 1-ի հանցագործներին, բացահայտելու համար ընդամենը կամք է պետք. Առաքել Սեմիրջյան
Ըստ «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանի՝ 2008թ-ի մարտի 1-ի գործով բացահայտումների կարիք առանձնապես չկա, որովհետև բոլորը գիտեն հանցագործներին՝ շատերն անգամ դեմքով, ընդամենը կամք է պետք:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վերջինս նշեց, որ ներկայումս վարույթն իրականացնող մարմինը փորձում է տեսակավորել գործը՝ սպանություն ըստ զենքի տեսակի:
«Իրենք փորձում են տեսակավորել, քանի որ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը և Տիգրան Խաչատրյանը Չերյոմուխա տեսակի զենքից են զոհվել: Այդ տեսակի զենքը միայն ոստիկանության ձեռքում է եղել: Ավելին՝ հայտնի են այն չորս անձինք, ում ձեռքին եղել է այդ զենքը: Բացի սպանվածներից, մենք ունենք նաև շուրջ 500 վիրավորներ, որոնց մեջ կան տուժածներ Չերյոմուխայից, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր դեմքով ճանաչում են կրակողին: Գուցե նույն մարդն է սպանել այս տղաներին: Ընդամենը պետք է պարզել՝ ով է սպանողը կամ սպանողներն այս չորսից»,-ասաց նա:
Առաքել Սեմիրջյանն ընդգծեց, որ գործը բացահայտելու համար դատավարություն պետք է սկսել, ինչը ոչ մի կերպ չի իրականացվում:
«Իրականում մարտի 1-ի բացահայտման խնդիր չունենք, բոլորը բացահայտված է: 1000 ականատեսների ներկայությամբ է կատարվել, հարյուրավոր տեսախցիկների առաջ, ու բոլորը գիտեն կատարողներին ու հրաման տվողներին»,-ասաց նա:
Առաքել Սեմիրջյանը նաև նշեց, որ գործող իշխանությունը զոհերի հարազատների ցավը մեղմելու համար կարող էր օրինակ հուշարձան կանգնեցնել, տղաներին հերոսի կոչում շնորհել, բայց դա էլ չի անում, որպեսզի նրանք պատմության մեջ չմնան:










