Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ երիտասարդներն ակցիա են կազմակերպել

11:24 • 27.02.15

Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հիշատակել են Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցը և դատապարտել են Բաքվի շարունակական հակահայկական ագրեսիան՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատության և անվտանգության կոչ հնչեցնելով, հաղորդվում է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Վաշինգտոնում ապրող հայերը, ինչպես մեր քույրերն ու եղբայրները ողջ Ամերիկայում և աշխարհով մեկ, հիմնական հանձնառությունն են կիսում՝ աջակցել Արցախի ազատությանը և դիմակայել Ադրբեջանի ագրեսիային»,- ասել է ֆեդերացիայի «Անի» բաժնի նախագահ Սևան Սիմոնյանը:

 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ադրբեջանի դեսպանատան անձնակազմի և աջակիցների փոքր խումբ հակադիր բողոքի ակցիա է կազմակերպել՝ վանկարկելով Ռամիլ Սաֆարովի անունը՝ ակնհայտորեն փորձելով վախեցնել ակցիայի համար հավաքվածներին: Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և իր հայրենիքում հերոսացվել։

 

Ակցիայից հետո Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու տեր հայր Սարգիս Ակտավուկյանի առաջնորդությամբ Վաշինգտոնի համայնքի անդամներն աղոթել են ի հիշատակ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակի) և Մարաղայի կոտորածների զոհերի և բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքն Արցախի ազատագրման շարժման ժամանակ: