Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է կալանավորվել
Ադրբեջանցի իրավապաշտպան Թալեհ Խասմամեդովը երեկ երեք ամսով կալանավորվել է Գյոյչայի շրջանային դատարանի կողմից:
Այդ մասին Turan գործակալությանը հաղորդել է իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը:
Խասմամեդովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 221.2 (խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով: Իրավապաշտպանը մտադիր է բողոքարկել վճիռը, հայտնում է contact.az-ը։
Դատարանի դահլիճը ոստիկանական խիստ վերահսկողության տակ է վերցվել: Շրջանային ոստիկանության ղեկավարը կոպտորեն հրել է իրավապաշտպանի մորը, ով փորձել է դատարանի դահլիճ մտնել:
Ի նշան բողոքի՝ մեղադրյալի եղբայրը կտրել է իր երակները:
Դատական նիստի ավարտից հետո ոստիկանությունը ցրել է դատարանի մոտ հավաքված մի քանի տասնյակ ակտիվիստների:
Ի դեպ, ակտիվիստներին հաջողվել է պարզել այն մարդու ինքնությունը, ով երկու օր առաջ սադրանք էր կազմակերպել Խասմամեդովի դեմ: Նա Զաիր Ազիզովն է, ով սերտորեն համագործակցում է ոստիկանության հետ և տասնյակ գործերում մինչ այժմ որպես վկա է ներգրավված:
Բացի այդ, ձերբակալության օրը նրան նկատել են սրճարանում, որտեղ եղել է Խասմամեդովը: Դա ենթադրել է տալիս, որ Ազիզովն առավոտից հետապնդել է նրան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է՝ երկրում իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների ու ակտիվիստների դեմ շինծու մեղադրանքներով քրեական գործեր հարուցելու համար: Միջազգային բազմաթիվ կառույցներ ու կազմակերպություններ բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին ու դադարեցնել ճնշումը քաղաքացիական հասարակության վրա:










