Ոտքով կաղալն այդքան մեծ խնդիր չէ, խնդիր է, երբ կաղում են լեզվով ու խելքով. Լևոն Զուրաբյան
ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հասկանալի էր, որ այս քառօրյայում իշխանությունները ԲՀԿ-ի ժամանակավոր, ոչ ժամանակավոր կամ վերջնական չեզոքացումից հետ մի նոր ռազմավարություն էին որոշել՝ համարելով, որ ժամանակն է ոչնչացնել դիմադրության վերջին օջախը:
«Դրա համար ինչ որոշում ընդունեցին՝ արտահերթ ներկայացած կառավարման ճգնաժամի հայտարարությունը համարել պատեհ և օրակարգ ներկայացնել»,- ասաց նա և հավելեց, թե այդ հարցը օրակարգ ներկայացնելը միտումնավոր է արվել իշխանությունների կողմից, քանի որ նախապես գիտեին, որ ԲՀԿ-ն բոյկոտելու է քառօրյան:
Զուրաբյանի խոսքով, սակայն, իրենք իրենց պատասխաններով ջախջախեցին իշխանության հարձակումները:
Լևոն Զուրաբյանն անդրադարձավ ԱԺ նիստի ժամանակ իր և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վիճաբանությանը. «ԱԺ ղեկավարությունը, տեսնելով, որ պարտվում է այդ խաղում, մանկապարտեզի նեղացկոտությամբ, որ երեխաներն արձագանքում են, սկսում է փիս-փիս բաներ ասել։ Նրանք միշտ չարաշահում են իրենց լիազորությունները»,- ասաց նա:
«Գալուստ Սահակյանն ասաց, որ ես թոփալ եմ, գիտեք, դա ճիշտ է, ես կաղում եմ, բայց ոտքով կաղալը այդքան մեծ խնդիր չէ, խնդիր է, երբ կաղում են լեզվով ու խելքով, այնքան է մտքով կաղում, ինչքան մեծ համազգային ամոթ ունի մեր ժողովուրդը, որ նման ԱԺ նախագահ ունի»,- ասաց նա և հայտարարեց, թե այսկերպ ապտակ է տալիս Գալուստ Սահակյանին, քանի մտքից կաղալը բուժվող չէ:










