Սովորական գլուխկոտրուկը ցույց կտա` ում համար է վտանգավոր ղեկին նստելը
ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության հովանու ներքո անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սովորական գլուխկոտրուկի օգնությամբ (թղթի վրա նկարված լաբիրինթոս) կարելի է բացահայտել վարորդներին, որոնք կարող են լուրջ ՃՏՊ-ի ենթարկվել ճանաչողական խանգարումների պատճառով:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` Psych Central-ին հղումով, TransAnalytics խորհրդատվական խմբի գիտնականները նշում են, որ նման թեսթը չի կարելի կիրառել մտագարության կամ ճանաչողական անբավարարության ախտորոշման համար, սակայն այն օգնում է արագ գնահատել տարեց վարորդների ճանաչողական գործառույթները:
Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ սովորական թեսթը, որում մարդ պետք է ելք գտնի լաբիրինթոսից, կարող է պատմել վարորդի տեսողատարածական կողմնորոշման, գիտելիքների և որոշումներ կայացնելու մասին: Նոր հետազոտությանը մասնակցել է 70-ից բարձր տարիքի մոտ 700 մարդ:
Կամավորներին խնդրել են կատարել առաջադրանքը` երթուղի ծրագրելով և հնարավորինս արագ ելք գտնելով 5 լաբիրինթոսից: Գրանցվել է ժամանակը, որը ծախսում էին տարեց մարդիկ ամեն մի լաբիրինթոսի վրա և թույլ տված սխալները:










