Հոնդուրասում հայտանաբերվել է լեգենդար Սպիտակ քաղաքը. լուսանկարներ
Հոնդուրասի ջունգլիներում հնագիտական արշավախումբը հայտնաբերել է մինչ այս գիտությանն անհայտ հին քաղաք-պետության ավերակներ, որը վերաբերում է Կենտրոնական Ամերիկայի քաղաքակրթությանը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Fox News-ին:
Այս քաղաքի մասին ասեկոսեներ շրջում էին 16-րդ դարից՝ իսպանացի նվաճողների ժամանակներից: Տեղական լեգենդներում այդ վայրը հայտնի էր «Կապիկ աստծո քաղաք»:
Գիտական արշավախմբում եղել են Հոնդուրասից և ԱՄՆ-ից գիտնականներ, ինչպես նաև՝ հոնդուրասցի մոտ երկու տասնյակ հատուկջոկատայիններ, որոնք պահպանել են հետազոտության անվտանգությունը:
Հոնդուրասի Լա Մոսկիտիա վայրում հայտնաբերված ավերակները պատված են խիտ ջունգլինեով, ինչի շնորհիվ էլ քաղաքը զերծ է մնացել կողոպուտից: Այժմ էլ գիտնականները հստակորեն չեն մատնանշում գտածոյի վայրը, որպեսզի դա պահպանեն նոր հնարավոր կողոպուտներից:
Գիտնականները նոր հայտնաբերված վայրում արդեն նշել են պարիսպներ, բուրգեր, կուրգաններ. բոլորն էլ վերաբերում են անհայտ հնդկացիական մշակույթի: Ըստ ամենայնի՝ այս մշակույթը իր ծաղկմանն է հասել 1000-1400 թթ-ին:
Տեղանքում հայտնաբերվել են նաև 52 հնություն՝ որմնանկարներ՝ օձի և այլ կենդանիների պատկերներով, մարդ-յագուարի արձանի հատված և այլն:
Հաջողությամբ պսակված այս հնագիտական նախաձեռնությունը մեկնարկել էր 2012-ին: Չնայած մինչ այդ դեռ 1939-ին ամերիկացի արկածախնդիր Թեոդոր Մորդը հայտարարել էր, թե ինքնաթիռով անցել է այդ լեգենդար քաղաքի վրայով: Մորդը մահացել էր՝ չհասցնելով հրապարակել քաղաքի կորդինատները:
Հիմնական տեսության համաձայն՝ ավերակները պատկանում են լեգենդար Սյուդադ բլանկային՝ «Սպիտակ քաղաքին», որին Իսպանիայի կայսր Կառլ Հինգերորդին հայտնել էր կոնկիստադոր Էրնան Կորտեսը: Վերջինս լսել էր, որ ներկայիս Հոնդուրասի տարածքում թաքնված է եղել մի պետություն, որը իր հարստությամբ չի զիջել ացտեկների պետությանը:















