Քննարկվել է քաղաքային և տարածքային պլանավորման նոր սկզբունքների կիրառման հնարավորությունը ՀՀ–ում

14:50 • 06.03.15

Այսօր քննարկվեց ՄԱԿ–ի՝ բնակավայրերի կայուն զարգացման ծրագրի մշակած նոր քաղաքային և տարածքային  պլանավորման միջազգային սկզբունքների կիրառման հնարավորությունը Հայաստանում:


ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ասաց, որ նոր միջազգային գերակա սկզբունքները դեռ պետք է ադապտացվեն Հայաստանի առանձնահատկություններին, քանի որ դրանք բավականաչափ ընդհանրական բնույթ են կրում:


«Կան նրբերանգներ, որոնք կարող են բարելավել մեր գործառույթների իրականացումը»,- ասաց նա և նշեց, որ ամբողջ գործընթացը նպատակաուղղված է բնակավայրերի կայուն զարգացման խնդիրներն առավել հիմնավոր լուծելուն:


Քննարկմանը ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ պետք է հետ չմնալ քաղաքաշինական միջազգային գործընթացներից և նշեց, որ թեև մեզ մոտ այդ ոլորտում կա առաջընթաց, սակայն միջազգային ասպարեզի նոր ձեռքբերումները պետք է կարողանանք կիրառել այստեղ: «Ճարտարապետների համար այս հարցը շատ կարևոր ենք համարում»,-ասաց նա:


ՄԱԿ  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» ծրագրի միջտարածաշրջանային խորհրդատու Պաուլիուս Կուլիկաուսկասը ներկայացրեց ծրագրի քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային ուղեցույցը:


«Վերջին ժամանակներս քաղաքային և տարածքային պլանավորման հարցերն ավելի ու ավելի շատ են գտնվում ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ասաց նա և նշեց, որ ՄԱԿ-ի միայն այս ծրագիրն է վերաբերում բնակավայրերին, թեև իրենք  համագործակցում են ՄԱԿ-ի այլ ծրագրերի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ՝ ինչպիսին են Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը: