Բռնության ենթարկվող կանանց մեծ մասն ահազանգում է միայն անելանելի վիճակում. Կանանց ռեսուրսային կենտրոն

12:44 • 06.03.15

2014թ-ի ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոնը» թեժ գծին ստացել է 1758 զանգ, որից 1428-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընտանեկան բռնություններից 486-ը վերաբերել է հոգեբանական բռնություններին, 150՝ ֆիզիկական բնույթի են եղել, իսկ 8-ը՝ սեռական:


Նա նաև նշեց, որ իրենց կենտրոն սկսել են զանգել նաև արտերկրում բնակվող հայեր. նախորդ տարի նման 8 զանգ են ստացել:


«Բոլոր նրանք, ովքեր զանգում են մեր կենտրոն, նախ հոգեբանական աջակցություն են ստանում, որովհետև նրանց մեծ մասը հուզական ծանր վիճակում են գտնվում: Կանանց մեծ մասը զանգում է մեզ միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ անելանելի վիճակում է, գործի է դրել իր բոլոր հնարավորությունները՝ բարեկամների, ընկերների աջակցություն, սակայն խնդիրը չի լուծվել»,-ասաց նա:


Մարինե Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենց առաքելությունն է կանխարգելել ընտանեկան բռնությունը և կոչ արեց բոլոր երեխաներին փոքր հասակից բացատրել, որ ընտանիքում բռնություն չպետք է լինի և եթե իրենց տեսնում են նման երևույթ իրենց ընտանիքում, ապա մեծանալուց հետո փորձեն զերծ մնալ նման պահվածքից:


Միաժամանակ հոգեբանը նշեց, որ տարեց տարի հայ կինը առաջադիմում է, և եթե տարիներ առաջ ամուսնանում էին առանց ընտրելու հնարավորության, հետո էլ համակերպվում ամեն ինչի հետ, ապա այսօր պայքարում են իրենց իրավունքների համար: