ՌԴ-ում ավիաընկերությունները սպառնացել են սեպտեմբերի 1-ից դադարեցնել տոմսերի առցանց ամրագրումը

13:46 • 06.03.15

ՌԴ Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիան նամակով դիմել է Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովին՝ խնդրելով օգնություն տրամադրել անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենքում փոփոխություններ մտցնելու հարցում, գրում է lenta.ru-ն:

 

Նամակում նրանք նշում են, որ գործող փոփոխություններն իրենց թույլ չեն տա սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունների չվերթների տոմսերի առցանց ամրագրում իրականացնել:

 

Անցած տարի ընդունված օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիների տվյալների օգտագործումը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից հնարավոր է միայն Ռուսաստանում գտնվող տվյալների բազաների միջոցով: Միևնույն ժամանակ տոմսերի ամրագրումը, այդ թվում՝ ներքին չվերթների համար, այսօր իրականացվում է համաշխարհային համակարգերի միջոցով՝ Amadeus, Gabriel, Sabre, Galileo: Այժմ օրենքի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ է այդ համակարգերի պրովայդերների համաձայնությունը՝ դրանք Ռուսաստանում տեղակայելու համար: Միևնույն ժամանակ, ինչպես ասում են ասոցիացիայում, դա մինչև սեպտեմբերն անել հնարավոր չէ:

 

Խնդրի առկայության մասին հաստատում են նաև Տրանսպորտի նախարարությունում:

 

«Օրենքը կոդերի փոխանակման համաձայնագրերի համար խնդիր է. ռուսական ընկերությունները կզրկվեն օտարերկրյա գործընկերների հետ ուղևորների տվյալների փոխանակման հնարավորությունից: Ռուսաստանում ամրագրման երկու սեփական համակարգ կա՝ «Сирена-2000» և TAIS CRS: Բայց, առաջատար ավիաընկերությունների տեխնոլոգների կարծիքով, իրենց ֆունկցիոնալությամբ նրանք այնքան էլ հարմար չեն, օրինակ՝ «Аэрофлот»-ին»,- «Ведомости»-ին հայտնել է դաշնային գերատեսչության աղբյուրը:

 

Ավիափոխադրողները խնդրում են Բորիս Տիտովին դիմել նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա հանձնարարի կառավարությանը փոփոխել օրենքի կիրառման պահանջն ավիաընկերությունների համար կամ տեղափոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները: