Չավուշօղլուն Փարիզում գովել է թուրք համայնքին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ կեցվածքի համար

16:56 • 06.03.15

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզում հանդիպել է թուրք համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber 3 կայքը, նա նշել է, թե Ֆրանսիայի թուրք համայնքն իր ուժը ցուցադրել է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ բողոքելու ընթացքում:

 

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ թուրք համայնքի ուժը ցուցադրեցիք: Դա մեծ ազդեցություն ունեցավ, և ֆրանսիացիներն էլ զարմացան: Նրանք առաջին անգամ զգացին այդքան ուժեղ թուրքական համայնքի առկայությունը»,-ասել է Չավուշօղլուն:

 

Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն արտերկրում բնակվող քաղաքացիների խնդիրներն աչքաթող չանելն է:

 

«Ֆրանսիայում ձեր ուժն ավելի է մեծանում: Ավելի ուժեղ պետք է լինեք՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, որ Թուրքիայի ուժի ավելացմանը զուգահեռ՝ ուժեղանում են նաև արտերկրի մեր քաղաքացիները»,-ասել է Չավուշօղլուն՝ կոչ անելով քաղաքացիություն ձեռք բերել և մասնակցել քվեարկություններին՝ նշելով, որ դա կավելացնի նրանց ուժը:

 

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ֆրանսիայում արդեն 650 հազար թուրք կա, և նրանք պետք է ավելի ակտիվ լինեն քաղաքականության մեջ: