Նեմցովի սպանության վկա ուկրաինուհի մոդելը հայտնել է իր հասցեին հնչած սպառնալիքների մասին
Ուկրաինուհի մոդելը, ով Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկան է դարձել, հայտարարել է, որ իրեն սպառնում են, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը՝ ընդգծելով, որ հանձնարարել է նրան պաշտպանություն տրամադրել:
«Աննա Դուրիցկայան հայտարարությամբ դիմել է Ուկրաինայի ներքին գործերի Կիևի շրջանային գլխավոր վարչության Բելոցերկովոյի քաղաքային բաժին: Հայտարարել է անհայտ անձանց կողմից ծնողների բնակության վայրում գտնվելու ժամանակ իրեն ուղղված սպառնալիքների մասին»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ստացված սպառնալիքների փաստի առիթով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկա Աննա Դուրիցկայայի կյանքի և առողջության պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում:










