Թուրքական համալսարանի ուսանողներն ակցիա են իրականացրել ընդդեմ Ցեղասպանությունը ժխտող միջոցառման անցկացման

11:31 • 06.03.15

Ստամբուլի Բողազիչի համալսարանի ուսանողները ներխուժել են Աթաթուրքի գաղափարների ակումբի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունը ժխտող միջոցառման սրահ և ակցիա են կազմակերպել դրա դեմ:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Etha գործակալությունը, Ազգերի ժողովրդավարության կոնգրեսի կոչով հավաքված ուսանողներն ակցիա են իրականացրել «Տեղահանության 100-ամյակը» խորագրով միջոցառման ընթացքում:

 

Միջոցառման սրահ ներխուժած ուսանողները մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել:

 

Նրանք նշել են, որ Մալաթիայի, Կեսարիայի, Մարդինի և Հաթայի նման շատ նահանգներում վերջին անգամ 100 տարի առաջ է Սուրբ Ծնունդ նշվել, ապա մեջբերել են նշանավոր լրագրող Հրանտ Դինքի խոսքերը՝ «4000 տարի առաջ այդ հողերում ապրած ազգն այլևս չկա»:

 

Հայտարարությունը տարածած համալսարանականները նշել են, որ 1900-ականների սկզբից մինչև Հրանտ Դինքի սպանություն, 1915-ից մինչև Սամաթիայում սպանված կանայք գիտակցված ցեղասպանությունը շարունակվել է:

 

Հայտարարությունից հետո ուսանողները լքել են դահլիճը՝ «Ոչ թե տեղահանություն, այլ ցեղասպանություն», «Առերեսվե՛ք Հրանտի հետ, Ցեղասպանությանը» կարգախոսները հնչեցնելուց հետո:

 

Նրանք նաև շենքում նման գրությամբ պաստառ են փակցրել: