Գերմանիան ընկերություններում տնօրենների խորհրդում տեղերի 30 տոկոսը կանանց տրամադրելու մասին օրենք է ընդունել

20:28 • 06.03.15

Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, համաձայն որի 2016 թվականից խոշոր ընկերությունների տնօրենների խորհրդում առնվազն 30 տոկոսը պետք է լինեն կանայք: Այս մասին գրում է interfax.ru-ն:  

Այդ օրենքը կվերաբերի մոտ 100 առաջատար ձեռնարկությունների: Եվս 3,5 հազար ընկերություն ստիպված կլինի որպես իրենց նպատակներից մեկը գրանցել ղեկավար պաշտոններում կանանց թվի մեծացումը:

 

Կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած իշխող կոալիցիան հավանության է արժանացրել այս օրենքը, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ձեռնպահ են մնացել քվեարկությունից՝ կարծելով, որ առաջարկվող միջոցներն օրենքում բավականաչափ չեն:

 

Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի վերջերս իրականացրած հետազոտության համաձայն՝ կանայք Գերմանիայի 100 խոշոր ընկերությունների տնօրենների խորհրդի անդամների մեջ կազմում են ընդամենը 18,6 տոկոսը:

Եվրոպայի երկրներում նման քվոտաներ արդեն գործում են Նորվեգիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում: