Իրանում կալանավորին պատժել են «ակն ընդ ական» սկզբունքով՝ հեռացնելով աչքը

14:52 • 06.03.15

Իրանական բանտի բժիշկները, առաջնորդվելով օրենսդրությամբ և շարիաթի «ակն ընդ ական» օրենքով, հեռացրել են կալանավորի մի աչքը, որը պատիժ է կրում թթվային լուծույթով մեկ այլ մարդու կուրացնելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, միջադեպը քննադատության մեծ ալիք է բարձրացրել ընդդեմ պատիժն իրագործած բժիշկների:

 

«Դատապարտյալն անգիտակից վիճակում է եղել Քերեջ քաղաքի բանտում, մինչ բժիշկները հանել են նրա ձախ աչքը: Նման պատիժ ժամանակակից Իրանում առաջին անգամ է իրականացվում»,- գրում է Guardian-ը:

 

Դատապարտյալը պետք է զրկվեր երկու աչքից, սակայն զոհը վերջին պահին խնդրել է կես տարով հետաձգել աջ աչքի կուրացումը: Բանտի իշխանություններն ընդառաջել են դատապարտյալի վերջին ցանկությանը, ինչը նախատեսված է եղել օրենքով:

 

Այժմ կալանավորը հնարավորություն ունի չեղյալ համարել դատավճռի ի կատար ածվելը:

 

Միջադեպը զայրացրել է իրավապաշտպաններին, որոնք բժիշկներին մեղադրել են Հիպոկրատի երդմանը դեմ գնալու և իշխանությունների հետ համագործակցելու համար:

 

Հայտնի է, որ կալանավորը մեղավոր է ճանաչվել Քում քաղաքում 5 տարի առաջ թթվային լուծույթով մի մարդու կուրացնելու և դեմքն այլանդակելու համար:

 

Նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման, կուրացման և տուգանքի: