Ֆրանսիայում Mauboussin ոսկերչական տնից 600.000 եվրոյի թանկարժեք զարդեր են գողացել
Հանցագործները Փարիզում Mauboussin ոսկերչական տնից մոտ 600.000 եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր են գողացել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Գողությունը, ինչպես նշում են ոստիկանությունում, իրականացվել է յուրահատուկ ճանապարհով, և դրա մասին ընկերությունում երկար ժամանակ չեն իմացել։
Գողության փաստը պարզվել է միայն հերթական ստուգումների ժամանակ, ընդ որում՝ հաստատվել է, որ պահեստի դռները կոտրված կամ վնասված չեն եղել։
Փորձագետների կարծիքով՝ շենքից դուրս գործող հանցագործներին օգնել է ներկայիս աշխատակիցներից որևէ մեկը։ Հենց նրա օգնությամբ են հանցագործները համացանցի միջոցով ձևակերպել գնումներն ընկերության վաղեմի հաճախորդների անուններով և հաշիվներով։ Այդպես շարունակվել է մի ամբողջ տարի։
Համաձայն նախնական տվյալների՝ գողության գումարը մոտ 600.000 եվրո է, սակայն հետագայում այն կարող է զգալի ավելանալ, քանի որ ստուգումները դեռ շարունակվում են։










