ՊՆ խորհրդակցությանը անդրադարձ է եղել զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության հարցերին
ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես է եկել ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Նա հավաստել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը, նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նոր ավտոհավաքակայան և մի շարք այլ շինություններ:
ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:
Խորհրդակցության ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության իրականացրած բուժկանխարգելիչ, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միջոցառումներին: Ընդգծվել է, որ ԶՈւ-երը համալրվել են բժշկական նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տվել զորքերում ապահովել բուժօգնության կազմակերպման պայմաններն ու բուժկանխագելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը:
Եղել են նաև բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերաբերել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և այդ ուղղությամբ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից իրականացվող ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:
Խորհրդակցության առաջին մասը եզրափակվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի ամփոփիչ զեկույցով, որում նշված էր, թե 2014թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները թե խաղաղ և թե պատերազմական պայմաններում:
Հանդիպման երկրորդ մասում, որին սելեկտորային-տեսակապային տարբերակով ներգրավված էին զորամիավորումների և զորամասերի հրամանատարները, ծավալուն անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվելիք համապետական, կրթաճանաչողական, տեղեկատվական միջոցառումներին, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՊՆ ՏՀԿ վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված ևս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ է հղել նիստի մասնակիցներին:










