Ավելի քան մեկ շաբաթ առանց ջրի մնացած Հալեպում ջրամատակարարումը մասամբ կարգավորվել է

17:15 • 07.03.15

Հալեպում մոտ մեկ շաբաթ ընդմիջումից հետո այսօր վերականգնվել է ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, այժմ ջրամատակարարում իրականացվում է Հալեպի որոշ շրջաններում:

 

Սակայն ջրի հոսքի քիչ լինելու պատճառով շենքերում ջուրը հասանելի է դառնում միայն հատուկ սարքերի միջոցով, որոնց համար էլ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ:

 

Էներգամատակարարումը, սակայն, Հալեպում ևս էական խափանումներով է գործում:

 

Վերջին օրերին քաղաքում և մասնավորապես Հալեպի հայաշատ շրջաններում իրավիճակն առանձնապես չի փոխվել: Մերթընդմերթ հարակից շրջաններից լսվում են փոխհրաձգությունների, տարբեր զենքերի ձայներ: Քրիստոնեաբնակ ու հայաշատ թաղամասերը երբեմն ինքնաշեն ռումբերի թիրախում են հայտնվում:

 

Tert.am-ի Հալեպի աղբյուրները նշում են, որ նման երևույթներն իրենց համար արդեն սովորական են դարձել և քաղաքի բնակիչներին այժմ ավելի կենցաղային կարիքներն են անհանգստացնում: Գործազրկության աճի, վառելանյութի բացակայության, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման պարբերական անջատումներն ու մթերքի գների կտրուկ աճը Հալեպի բնակիչներին հաճախ անելանելի դրության մեջ է դնում: