ВКонтакте սոցցանցում գումար գողանալու նպատակով տրոյական վիրուս է տարածվում. Կասպերսկու լաբորատորիա
Ռուսական ВКонтакте սոցիալական ցանցի միջոցով տարածվում է Podec տրոյական վիրուսը, որի օգնությամբ չարագործները գումարներ են գողանում Android օպերացիոն համակարգով աշխատող գաջեթների տերերից:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը` այս մասին տեղեկացրել է «Կասպերսկու լաբորատորիան»: Հետազոտությունը ցույց է տվել, որ տրոյական վիրուսի տարածման համար հիմնական հարթակ է ծառայում ВКонтакте սոցցանցը:
«Նոր վիրուսն առանձնանում է իր գործառույթներով. այն կարող է հաղորդագրություններ ուղարկել կարճ համարներին` միևնույն ժամանակ ճիշտ պատասխանելով ծառայության վճարի հաստատման հարցումներին, ինչպես նաև՝ բաժանորդին գրանցել վճարովի ծառայություններին` շրջանցելով այն մեխանիզմը, որով իրական օգտատիրոջը տարբերակում են ավտոմատ գործողություններ կատարող համակարգչային ծրագրից», - ասվում է Կասպերսկու լաբորատորիայի հաղորդագրության մեջ:










