Միայնությունը նույնքան վտանգավոր է կյանքի համար, որքան ճարպակալումը

19:11 • 14.03.15

Բրիգման Յանգի համալսարանի մասնագետները վերլուծել են տարբեր բժշկական հետազոտությունները և եկել եզրակացության, որ մենակությունը ավելի վտանգավոր է, քան ընդունված էր համարել:

 

Med Daily-ի փոխանցմամբ`  3000000 մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայնությունը և սոցիալական մեկուսացվածությունը նույնքան վտանգավոր են կյանքի համար, որքան ճարպակալումը:  Հետազոտողները հաշվի են առել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և հիվանդությունները:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը` նույնչափ, որչափ ճարպակալումը: Գիտնականները մատնանշում են, որ սա վերաբերում է ինչպես սթրեսի պատճառով մեկուսացողներին, այնպես էլ ինտրովերտներին, ովքեր սիրում և իրենք էլ առանձնություն են փնտրում: Վերջին տարբերակը առավել բնորոշ է երիտասարդներին:

 

Միևնույն ժամանակ՝ տարեց մարդիկ ավելի միայնակ են, ըստ ուսումնասիրության, և նրանց մահվան ռիսկերը ի սկզբանե ավելի մեծ են: Իսկ սոցիալական մեկուսացվածության և միայնության պատճառով վաղաժամ մահվան ռիսկը ավելի մեծ է 65-ից փոքր մարդկանց համար: 

 

Գիտնականները մտավախություն են հայտնել, որ շուտով մոլորակում կարող է միայնության համաճարակ բռնկվել, քանի որ մեր ժամանակներում մարդիկ ավելի ու ավելի են սկսել նախընտրել առանձնությունը:

 

Քաղաքականություն

Միայնությունը նույնքան վտանգավոր է կյանքի համար, որքան ճարպակալումը