Facebook-ը հստակեցրել է հրապարակումների բովանդակությանը վերաբերող արգելքների ցանկը
Facebook ընկերությունը թարմացրել է սոցցանցում հրապարակվող բովանդակության արգելքներին վերաբերող կանոնները, գրում է lenta.ru-ն:
Թարմացված կանոններում անդրադարձ է եղել տարբեր թեմաների՝ ատելության դրսևորմանը, վախեցնելուն, ընկալման համար բարդ նյութերին, մերկ մարմնի պատկերների հրապարակմանը, գաղտնիությանը, անվտանգությանը, մտավոր սեփականությանը: Այդկերպ ընկերությունը փորձում է հավասարակշռություն գտնել արգելված բովանդակությունն արգելափակելու և խոսքի ազատությունը պաշտպանելու միջև, ասված է հաղորդագրության մեջ:
Այսպես, արգելվում են իրական սպառնալիքները կամ իրական կյանքում բռնության գործողությունների կազմակերպումը, թույլ չի տրվում ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը: Բացի այդ, «Ինքնավնասում» կետը նշում է «սեփական անձին վնաս հասցնելու, սննդակարգի խանգարումների կամ թմրանյութերի օգտագործման աջակցության կամ խրախուսման հետ կապված ցանկացած նյութեր» հեռացնելու Facebook-ի իրավունքի մասին:
Սոցցանցը կհեռացնի նաև մարդկանց ռասայական կամ էթնիկ պատկանելության, կրոնի, սեռի, սեռական կողմնորոշման, հաշմանդամության կամ հիվանդության վրա հիմնված վիրավորանքները:










