Nintendo-ն DeNa ընկերության հետ համատեղ սմարթֆոնների խաղերի մշակմամբ է զբաղվելու
Ճապոնական Nintendo ընկերությունը երկար ժամանակ պասիվ մնալուց հետո վերջապես հայտնել է, որ համագործակցելու է DeNa խաղեր մշակող ընկերության հետ և համատեղ խաղեր է ստեղծելու սմարթֆոնների համար, գրում է engadget.com-ը:
Նշվում է, որ ընկերությունը պատրաստվում է այնպիսի խաղեր ստեղծել, որոնք կհամապատասխանեն ներկայիս խաղային շուկային, այնպես որ Super Mario Bros խաղի սիրահարները պետք է սպասեն ժամանակակից նոր խաղերի:
Ընկերությունները պատրաստվում են նաև առցանց բաժանորդագրման ծառայություն ստեղծել սմարթֆոնների համար, որտեղ օգտատերերը կարող են միացնել իրենց բոլոր սարքերը, ներառյալ՝ սմարթֆոնները, պլանշետները, համակարգիչները և Nintendo-ի Wii U և 3DS խաղային կցորդները:
Nintendo-ն ճապոնական ընկերություն է, որի գլխամասը տեղակայված է Ճապոնիայի Կիոտո քաղաքում։
Ընկերությունը հիմնադրվել է 1889-ին՝ սկզբնապես զբաղվելով ճապոնական «հանաֆուդա» կոչվող խաղաթղթերի արտադրությամբ։
Մինչ 1963 թվականն ընկերությունը զբաղվել է տարատեսակ գործունեությամբ` տաքսի ծառայություն ապահովելուց մինչև սիրային հյուրանոցներ բացել։
Դրանից հետո այն մուտք է գործել դեռևս նոր ձևավորվող համակարգչային խաղերի արդյունաբերություն և ներկայիս դրությամբ հանդիսանում է Ճապոնիայի 3-րդ ամենամեծ կորպորացիան, որի շուկայական ինքնարժեքը 85 միլիարդ ԱՄՆ դոլար է։














