Երբեմնի փառք ունեցած և այժմ մոռացության մատնված տեխնոլոգիական բրենդներ (լուսանկարներ)
Տեխնոլոգիական այս դարում շատ սարքեր և սարքավորումներ զարգանում են և փոփոխության ենթարկվում, իսկ շատերն ընդանրապես դուրս են գալիս շրջանառությունից: Դրանցից շատերի ցուցակը ներկայացրել է հեղինակավոր Forbes ամսագիրը:
Kodak
Kodak-ը հիմնադրվել է մոտ 100 տարի առաջ և դեռ 1994-ին առավել արժեքավոր համաշխարհային բրենդների շարքում գրավում էր չորրորդ տեղը՝ զիջելով միայն Disney-ին, Coca-Cola-ին և McDonalds-ին: Դրա հայտնի արտադրանքներից էին լուսանկարչական ապարատները: Թվային տեսախցիկները դարձան ընկերության ամենամեծ թշնամին, և ընկերությունը սնանկացավ:
Newton MessagePad
Լուսանկարում 1993-ի Newton Messagepad-ն է, որն արտադրում էր Apple ընկերությունը: MessagePad-ն անհատական թվային օգնական ծառայող առաջին սարքերն էին: Դրանով հնարավոր էր գրել, գծագրություն կամ նշումներ անել: Այժմ նմանատիպ գործառույթ են իրականացնում պլանշետները՝ իրենց ստիլուսներով:
Amstrad
Այս սարքը բրիտանական Amstrad էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերության նորամուծությունն էր: Դրանք առաջին անձնական համակարգիչներն էին: Ընկերությունը հիմնադրվել է 1968-ին և, օգտագործելով պլաստմասսան որպես կառուցման նյութ, հնարավոր է եղել էժանացնել սարքի գինը:
Olivetti
Գրամեքենաների արտադրությամբ զբաղվող Olivetti ընկերությունը հիմնադրվել է 1908-ին: Այն հայտնի էր դարձել իր որակով, քանի որ տպելուց հետո որակյալ և գեղեցիկ տպված տողերը հեշտընթեռնելի էին: Olivetti-ն 1983-ին ներկայացրել էր իր M24-ը, որը IBM PC-ի նմանակն էր: Իսկ 1995-ին ընկերությունը թողարկել է Envision համակարգիչները, որոնք, սակայն, չկարողացան մնալ համակարգչային շուկայում:
Super Nintendo
Super Nintendo խաղային կցորդը թողարկվել է 1990-ին Ճապոնիայում: Նոր արտադրանքը դարձավ շուկայի սիրելին՝ վաճառքի մեկնարկից հետո 1 ժամում վաճառվեց ավելի քան 300 000 հատ կցորդ: Մեկ տարում այն տարածվեց ամբողջ աշխարհով և մի շարք խոշոր տնտեսություն ունեցող պետություններում: Մինչ այսօր ընկերությունը հաջողությամբ շարունակում է էլեկտրոնիկայի շուկայում իր գործունեությունը, սակայն 1990-ականների հաջողությունն ընկերությունը դժվար թե կրկնի:
Encyclopaedia Britannica
Մինչ Wikipedia հանրագիտարանի հայտնի դառնալը համանման գործառույթ էր կատարում «Բրիտանիկա» կոչվող հանրագիտարանը: Դրա առաջին հրատարակությունները սկսվել են դեռ 1768-ին: Այժմ այն փոխարինվել է համակարգչային մեկ այլ հանրագիտարանով՝ Wikipedia-ով:
Nortel Networks
Ժամանակին այս կանադական ապրանքանիշը զբաղվում էր հեռահաղորդակցման սարքերի արտադրությամբ, սակայն այժմ դրա մասին դժվար թե որևէ մեկը հիշի: Այն ստեղծվել է 1895-ին Ալեքսանդր Բելի կողմից և զբաղվում էր արտակարգ կանչերի և հեռախոսների արտադրությամբ: 1960-ականներին ընկերությունը սկսեց զբաղվել օպտիկամանրաթելային մալուխների արտադրությամբ և մեծ հաջողություն գրանցեց շուկայում:










