Facebook-ն արագ դրամական փոխանցումների շուկա է դուրս գալիս

10:29 • 18.03.15

ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերը մոտ ժամանակներս կկարողանան բանկային քարտերից միմյանց դրամական միջոցներ փոխանցել: Այդ մասին հաղորդվում է ամերիկյան սոցիալական ցանցի բլոգում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նոր հնարավորությունից օգտվելու համար հարկավոր կլինի հաղորդագրություններ բացել կայքում, երկխոսություն սկսել և սեղմելով դոլարի նշանի վրա՝ նշել ուղարկվող գումարի չափը:

 

Մինչ այդ անհրաժեշտ կլինի սեփական քարտը «կապել» սոցցանցում ունեցած էջին: Facebook-ը վստահեցնում է, որ հաճախորդների անձնական տվյալները հուսալիորեն կպաշտպանվեն՝ հիշեցնելով, որ ընկերությունն այժմ էլ իրականացնում է օրական մինչև միլիոն գործարք՝ վճարումներ գովազդի և ցանցային համակարգչային խաղերի համար:

 

Այժմ ինտերնետային վճարումների շուկայի առաջատարն ամերիկյան PayPal համակարգն է, որն ունի 162 միլիոն ակտիվ օգտատեր:

Facebook-ն արագ դրամական փոխանցումների շուկա է դուրս գալիս