Մասնակիցը «պատռել» է Mars One-ի կազմակերպիչների «դիմակը»

11:02 • 18.03.15

Իռլանդացի ֆիզիկոս Ջոզեֆ Ռոշը, ով Մարսը գաղութացնելու հավակնոտ առաքելությամբ զբաղվող Mars One նախագծի եզրափակիչ անցած 100 մասնակցից մեկն է, բացահայտել է նախագծի կազմակերպչական ու ֆինանսական կողմերի թերությունները:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, մասնագիտությամբ աստղաֆիզիկոս Ռոշը Medium.com-ին պատմել է, որ նախագծի կազմակերպիչները հույս ունեն «կարմիր մոլորակի» գաղութացման համար անրաժեշտ ֆինանսական միջոցները ստանալ հենց մասնակիցներից:

 

Մասնավորապես՝ նրանք մասնակիցներից պահանջում են Mars One ապրանքանշանով տարբեր իրեր գնել, ինչպես նաև գումար նվիրաբերել համանուն հիմնադրամին: Բացի այդ, նրանք պահանջում են, որ հարցազրույցների դիմաց վճարված գումարի 75%-ը փոխանցվի նախագծի հաշվին:

 

Սակայն ամենից շատ իռլանդացուն ապշեցրել է Մարսի ապագա բնակիչների ընտրության անփույթ կարգը: Մի քանի ժամ տևողությամբ հարցազրույց ու հոգեբանական թեստեր անցկացնելու փոխարեն, նախագծի գլխավոր բժիշկը Ռոշի հետ խոսել է ընդամենը 10 րոպե` այն էլ Skype-ով: Ըստ Ռոշի՝ բժշկական ստուգման մասին խոսք անգամ չի եղել:

 

Իռլանդացին մտավախություն ունի, որ Mars One-ը կտապալվի` հուսախաբ անելով իրենց ժամանակն ու գումարները ներդրած բազմաթիվ մարդկանց:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հոլանդական Mars One ոչ պետական կազմակերպությունը ցանկանում է գաղութացնել Մարսն ու դրանից իրապատում շոու ստեղծել: Ենթադրվում է, որ 2024թ.-ին «կարմիր մոլորակ» կուղարկվեն նախագծի առաջին մասնակիցները:

 

Մասնակիցը «պատռել» է Mars One-ի կազմակերպիչների «դիմակը»