Microsoft-ը հրաժարվում է Internet Explorer-ից և նոր ծառայություն է մշակում

11:22 • 18.03.15

Microsoft կորպորացիան որոշել է հրաժարվել իր հայտնի բրենդից՝ Internet Explorer դիտարկչից: Այն կփոխարինվի նոր ծառայությունով, որը կմտնի կորպորացիայի Windows 10 օպերացիոն համակարգի մեջ, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես գրում է US Today թերթը, բրենդի ավարտի մասին պաշտոնական հայտարարությունն արվել է Ատլանտայում անցկացվող Microsoft-ի ամենամյա համաժողովի ժամանակ՝ մարքեթինգի բաժնի ղեկավար Քրիս Կապոսելայի կողմից:

 

«Մենք այժմ աշխատում ենք Windows 10-ի համար մեր նոր դիտարկչի և անվան վրա: Մենք կշարունակենք հաճախորդների համար պահպանել Explorer-ը, բայց կունենանք նաև նոր դիտարկիչ՝ Project Spartan կոդային անվանմամբ: Մենք դեռ պետք է անուն ընտրենք»,- ասել է Կապոսելան:

 

Մասնագետների համաձայն՝ Microsoft-ի նոր դիտարկիչը կհիշեցնի օգտատերերի շրջանում տարածված Google ընկերության Chrome-ը: Նրանք նաև նշում են, որ Microsoft-ի նոր դիտարկչի աշխատանքի արագությունը «զգալիորեն մեծացված կլինի Internet Explorer-ի համեմատ»:

 

Microsoft-ը հրաժարվում է Internet Explorer-ից և նոր ծառայություն է մշակում