Շուրջերկրյա ուղևորության մեկնած` արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 օդանավը ժամանել է Բիրմա

00:30 • 20.03.15

Solar Impulse 2 ինքնաթիռը, որն աշխատում է բացառապես արևային էներգիայով, հինգշաբթի բարեհաջող վայրէջք է կատարել Մյանմարի Մանդալայ քաղաքի միջազգային օդանավակայանում: Ինչպես փոխանցում է  РИА Новости-ն` այս մասին ասվում է օդանավի ստեղծողի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա և սպասում է՝ մինչ հատուկ փչովի ծածկ կկանգնեցնեն ինքնաթիռի համար:


Օդանավը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացնում, արդեն եղել է Հնդկաստանում: Մյանմարից այն ուղևորվելու է Չունցին և Նանկին (Չինաստան): Այնուհետև Solar Impulse 2-ը կհատի Խաղաղ օվկիանոսը` Հավայներում կանգառ կատարելով, ապա կժամանի Նյու Յորք: Հատելով Ատլանտյան օվկիանոսը` ինքնաթիռը  վայրէջք կկատարի Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում, այնուհետև կվերադառնա Աբու Դաբի: Շուրջերկրյա ուղևորությունը կտևի 5 ամիս:



Solar Impulse 2 օդանավը հասարակությանը ներկայացվել է ապրիլին և հաջող փորձարկում անցել հուլիսին: Օդանավի թևերի բացվածքը կազմում է 72 մետր, իսկ քաշը` 2.3 տոննա: Օդանավը պատված է 17 200 արևային մարտկոցով, որոնք էներգիա են արտադրում օդանավի էլեկտրաշարժիչների համար: Օդանավի առավելագույն արագությունը 140 կմ/ժամ է:
 

 

Շուրջերկրյա ուղևորության մեկնած` արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 օդանավը ժամանել է Բիրմա