Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս և Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Պոլին հինգշաբթի` մարտի 19-ին, պատարագ է մատուցել Բունեոս Այրեսի մայր տաճարում` նվիրված 1915-ի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է aica.org–ը։
Պատարագից առաջ Արգենտինայի և Չիլիի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանն ընդգծել է, թե որքան կարևոր է հայերի համար Հայոց ցեղասպանության այս հիշատակությունը, որը Թուրքիան մինչ օրս ժխտում է: Արքեպիսկոպոսը հիշեցրել է նաև, որ ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնի մայր տաճարում տեղի կունենա Ցեղասպանության միլիոն ու կես զոհերի սրբադասման արարողությունը:
Օրվա աղոթքը պատարագի ժամանակ հայերենով ընթերցել է Հայ առաքելական եկեղեցու քահանան, որից հետո կաստիլերեն ընթերցել է Հայ կաթոլիկ եկեղեցու քահանան:
Իր ելույթում կարդինալ Պոլին ողջունել է տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներին, հատուկ ողջույնի խոսք հղել Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսին և Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Վարդան Պողոսյանին:










