Յանուկովիչ–կրտսերը խեղդվել է Բայկալ լճում. ԶԼՄ-ներ

15:34 • 22.03.15

Ուկրաինայի նախկին նախագահի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ–կրտսերը, խեղդվել է Բայկալ լճում ձկնորսության ժամանակ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, որոշ քաղաքական գործիչներ սոցկայքերում, ինչպես նաև մոսկովյան աղբյուրները, փոխանցում է Обозреватель-ը։
 

«Антикор»-ը գրում է. «Դա տեղի է ունեցել մարտի 20-ին երեկոյան ժամը 7-ի մոտակայքում, ընդ որում՝ երեկ դեպքի վայրից հակասական տեղեկություններ էին ստացվում։ Վարկածներից մեկի համաձայն՝ Յանուկովիչն ընկել է սառույցի տակ ձկնորսության ժամանակ, նրա ընկերոջ անունը չի նշվում»։
Այս վարկածն, իբրև թե, հաստատել է Յանուկովիչի ընտանիքին մոտ Միխայիլ Պավլովը։


Բայկալ լճում տեղի ունեցած դեպքը հաստատել է ՌԴ Իրկուտսկի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչությունը։ Հաղորդվում է, որ մարտի 20-ին երեկոյան, խախտելով կանոնները, քաղաքացիներն ավտոմեքենայով դուրս են եկել սառույցի վրա՝ մի քանի լուսանկար անելու համար։


«Մեքենան ընկել է սառույցի ճեղքի մեջ։ Այդ վայրում խորությունը կազմում է ավելի քան 20 մ»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։


Հինգ մարդ կարողացել է դուրս գալ խորտակվող մեքենայից։ Նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Սախյուրտա գյուղ։


«Փրկարները GPRS-ի օգնությամբ վերադարձել են մեքենայի խորտակման վայր և հայտնաբերել վարորդի դին»,- նշվում է հաղորդագրությունում, սակայն վարորդի ազգանունը չի հաղորդվում։