Ֆրանսիայում նոր հարձակումներն անխուսափելի են. պաշտոնյաներ
Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով՝ երկրում ջիհադիստների կողմից հարձակման վտանգը հասել է «աննախադեպ» մակարդակի, և նոր հարձակումներն անխուսափելի են, գրում է France 24-ը:
«Սպառնալիքը մշտական է»,- ասել է Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյա, ով խոսել է լրատվամիջոցի հետ անանունության պայմանով:
«Ոչ մի օր չի անցնում առանց ահազանգի, առանց Սիրիա կամ Իրաք մարդկանց ուղարկել փորձող ցանցի հայտնաբերման: Թիրախների թիվը հսկայական չափերի է հասել: Չարամիտ մտադրությունների համար երկու, երեք, գուցե նաև չորս հազար մարդ կա հայտնաբերված կամ կասկածվող»,- ասել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ նրանց մեծ մասը բավականին պրոֆեսիոնալ են և կրթված:
Պաշտպանության նախարարության մասնագետները նշել են, որ ջիհադիստներն «օգտագործում են լավագույն կոդավորման և քողարկման տեխնիկաները»: Ամենամեծ մտահոգությունն են առաջացնում մոտ 200 մարդ, ովքեր վերադարձել են «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներում մարզումներից կամ մարտերից:
«Նրանք կորցրել են բռնության բոլոր արգելքները»,- ասել է ահաբեկչության դեմ պայքարի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ կրկին անանունության պայմանով:
Այդ մարդիկ գտնվում են անվտանգության ծառայությունների ամենախիստ հսկողության ներքո, բայց ռեսուրսները սահմանափակ են, և իշխանությունները նաև տեղյակ են, որ նրանք կարող են տարիներ սպասել գործողություն իրականացնելուց առաջ:










