Նրանք մեր ընկերներն են. Միքայել Մելքումյանը` ԲՀԿ-ն լքածների մասին

17:43 • 23.03.15

Նրանց, ովքեր  լքել են «Բարգավաճ Հայաստան«» կուսակցությունը կամ խմբակցությունը, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը շարունակում  է համարել ընկեր:

«Նրանք մեր ընկերներն են և որևէ անտագոնիստական  դրսևորումներ չկան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես են շփվել  խմբակցությունը լքած, բայց դե յուրե խմբակցության մաս կազմող տասնյակից ավելի պատգամավորների հետ:  

«Ի՞նչ անենք, էսօր մեզ հետ չեն, վաղը մեզ հետ կլինեն, պետք է կարողանալ հարգել մարդկանց համոզմունքները, մարդկանց մոտեցումները։ Դա նույնպես քաղաքակիրթ խորհրդարանական աշխատանքի կամ քաղաքական գործունեության գրավական կարող է լինել: Պետք է հարգել»,–հավելեց նա։  

Այն, որ այսօր ԲՀԿ-ն իր այս գումարման խորհրդարանական գործունեության երրորդ տարում հայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին, ըստ Միքայել Մելքումյանի, ոչ շուտ է, ոչ ուշ:

«Կյանքն է թելադրում` մենք ինչ որակի գործունեություն կծավալենք, ինչ ադեկվատության, ժողովրդի կողմից ոնց կընդունվենք: Բայց ես գտնում եմ, որ վերջին երկու տարում մենք վարկանիշային առումով աճ ենք ունեցել  և հիմա էլ ենք ունենալու։ Ինձ համար դրա ամենամեծ գրավականը շփումն է ժողովրդի հետ, ուղղակի  մի շարք հարցականներ կան…»,-ավելացրեց Միքայել Մելքումյանը:

Նա ավելացրեց, որ կյանքը շարունակվում է` ի պատասխան հարցի, թե այսքան ֆինանսական ու մարդկային կորուստներից հետո կուսակցության համար դժվա՞ր չէ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լուրեր էին շրջանառվում, որ խմբակցության և կուսակցության նախկին նախագահը հայտարարելու է մանդատը վայր դնելու մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Հարցին, թե տրամաբանակա՞ն կլիներ, թե Գագիկ Ծառուկյանն այդպես վարվեր, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ինչու՞ պետք է հրաժարվի, ինքը մեծամասնական ընտրված պատգամավոր է, քաղաքական, հանրային և հասարակական գործիչ է, նա մեծ գործեր ունի անելու, այդ թվում՝ իր ընտրատարածքում»: