Առողջապահության նախարարը հիմնական հակակոռուպցիոն քայլ է համարում բնակչության իրազեկվածությունը
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անշուշտ տեսնում է, որ առողջապահական ոլորտում կոռուպցիոն ռիսկեր կան և հիմնական հակակոռուպցիոն քայլ է համարում բնակչության իրազեկվածությունը։
«Մենք, անշուշտ, տեսնում ենք այդ խնդիրները և փորձում ենք չափագրման ճանապարհը հստակեցնել, անդրադարձ կատարել բոլոր խնդիրներին առողջապահական դաշտում: Առանձին կարող եմ ներկայացնել հիվանդանոցներում հիվանդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու իրազեկման թերթիկները: Համոզված ենք, որ հասարակության իրազեկվածության աստիճանը բարձրացնելը առաջին իսկ հակակոռուպցիոն քայլերից է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Նախարարը նշեց, թե թեժ գիծը և զանգերի կենտրոնը, որն այսօր ստեղծվում է նախարարությունում, ևս ուղղված են իրազեկվածության բարձրացմանը:
«Շուրջ 12 հազար զանգերի մասին է խոսքը, բնակչությունը բավարարվածություն է զգում այդ զանգերից, դրանց պատասխաններից: Այն թույլ է տալիս ամենօրյա օպերատիվ վիճակի մասին պատկերացում կազմել»,-ասաց նա:
Նախարարը ևս մեկ օրինակ համարեց Կառավարության այն որոշումը, ըստ որի պետք է ուղեգրումների ձևը փոխել և համարակալել, պաշտպանիչ շերտ դնել այդ ուղեգրումների վրա:
«Մենք կարող ենք տեսնել համապատասխան թվաքանակով, թե որ բուժհաստատությանն էր տրված այդ ուղեգրումների քանակը: Եթե կան խնդիրներ, այդ ուղեգրման համարի տակ կարող ենք տեսնել, թե որտեղից է ուղեգրվել ու կարող ենք տեսնել ուղին ու այն վերահսկելի պահել, թույլ տալ հիվանդին, որ նա ինքնուրույն որոշում կայացնի, թե որ բուժհաստատություն է գնալու, ոչ թե ուղեգրողը պետք է որոշի, թե որ բուժհաստատությունը նա պետք է դիմի: Հերթերի կանոնակարգումը և բազմաթիվ այլ օրինակներ կան, որոնք մենք փորձում ենք իրականացնել»,-ասաց նա։
Իսկ թե մտահոգվա՞ծ չէ նախարարությունը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որը պետք է ղեկավարեն ՀՀ վարչապետը և ֆինանսների նախարարը, նոր բացահայտումներ կանի, նախարարը պատասխանեց. «Բացարձակ մտահոգված չենք, որ բացահայտվելու են նոր խնդիրներ, շատ հակված ենք լսել այդ խնդիրները նաև լրատվական մեր գործընկերներից, նաև հասարակական կառույցներից»։










