Զինծառայողի՝ հակառակորդի կողմն անցնելու մասին ադրբեջանական տեսանյութը բեմադրություն է. ԼՂՀ ՊՆ

18:19 • 23.03.15

Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: 

Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին:

Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում  պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ
»,-հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:


 

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: