Կարմիր խաչը տեղեկացվել է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին և աշխատանքներ է սկսել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է, որ հայ զինվոր է հայտնվել Ադրբեջանում և ներկա պահին կապի մեջ է իշխանությունների պատասխանատու ներկայացուցիչների հետ:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ԼՂՀ-ում երեկ պայմանագրային զինծառայողի սահմանը անցնելու դեպքին:
Հարցին, թե տեղեկություն ունե՞ն՝ ինչ վիճակում է գտնվում զինծառայողը, Զառա Ամատունին ասաց, որ այս պահին որևէ բան ասել չի կարող:
«Մենք հետևում ենք միջադեպին, առայժմ երկխոսություն ենք վարում և ընդամենը տեղեկացվել ենք տեղի ունեցածի մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:










