ԵՄ հսկիչները ռեկորդային քանակով վտանգավոր ապրանքներ են հայտնաբերել
2014 թվականի տվյալներով, Եվրամիության վերահսկիչ մարմինները վաճառքում հայտնաբերել են 2435 անուն ապրանքներ, որոնք սպառողների համար անվտանգ չեն եղել: Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի զեկույցում՝ վտանգավոր արտադրանքի նման քանակ առաջին անգամ է հայտնաբերվել. հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Վաճառքից հանվել են մեծ քանակությամբ խաղալիքներ, ինչպես նաև տեքստիլ իրեր, հագուստի պարագաներ ու զարդեր:
Այս ապրանքների մեկ քառորդից ավելին քիմիական այրվածքի վտանգ է ներկայացնում, մոտ 12 տոկոսը կարող է բերել շնչահեղձության կամ էլեկտրական ցնցման: Հայտնաբերված շատ խաղալիքներ երեխաների մոտ առաջացնում են մաշկի գրգռվածություն, իսկ որոշ զարդեր պարունակում են առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ:
Վտանգավոր ապրանքների թվում են էլեկտրական սարքեր, բջջային հեռախոսների համար աքսեսուարներ և նույնիսկ ավտոմեքենաներ: Վտանգավոր արտադրանքի մեծ մասը ներմուծվել է Չինաստանից: Արգելված իրերի 64 տոկոսը չինական արտադրության է:










