Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը

13:43 • 24.03.15

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին։

 

Facebook կայքի իր էջում, մասնավորապես, պատգամավորը թվարկել է հետևյալ քայլերը.


«Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:


Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։


Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։


Քայլ 4 - Ձևավորել ստվերային կառավարություն։


Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։


Քայլ 6 - Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։


Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։


Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։


Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն և ստանձնել Հայաստանի կառավարումը։


Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը»։