«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը ապտակել և ատրճանակով սպառնացել է ԱՄԷ-ի քաղաքացուն

16:10 • 24.03.15

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը և պահելով իր ճակատին` սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք է տալուց հետո հեռացել է:


Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։


Նույն օրը իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել են 8 չկրակված փամփուշտներ:


ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: