Փախստականների կենտրոնում հարձակվել են շվեդ նախարարի վրա (լուսանկարներ)
Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարար Մորգան Յոհանսոնը ենթարկվել է հարձակման փախստականների ճամբար այցի ժամանակ։ Անհայտ անձը պաշտոնյայի վրակրակմարիչի փրփուր է լցրել, գրում է Корреспондент-ը։
Յոհանսոնը եղել է փախստականների ճամբարում, որը տեղակայված է Բրուբյու քաղաքի նախկին հիվանդանոցում։ Այցի ավարտին դռների մոտ կանգնած տղամարդը պատից պոկել է կրակմարիչն ու ուղղել դեպի նախարարը։
Հարձակվողը վնասազերծվել է պաշտոնյայի անձնական թիկնապահի կողմից։ Ճամբար է եկել ոստիկանական 3 մեքենա և տղամարդուն տեղափոխել բաժանմունք։ Ճամբարում փախստականներն իրենց ափսոսանքն են հայտնել կատարվածի համար։
Յոհանսոնը խոստովանել է, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, և ինքը զարմացած և վախեցած է եղել։ «Պետք չէ պատահածին շատ թեթև վերաբերվել։ Չի կարելի ասել պարզապես՝ մոռանանք և անցնենք առաջ, քանի որ, հասկանալի է, որ տեղի ունեցածը լուրջ է»,- ասել է նախարարը։
Այնուամենայնիվ, նախարարին ոչ մի վնաս չի հասցվել, և նա շարունակել է նախատեսված այլ այցերը։



















